Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը դուրս Է եկել Երկրի ուղեծիր

14:24, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Northrop Grumman ընկերության Antares կրող հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր Է դուրս բերել Cygnus բեռնատար տիեզերանավը, որն ուղեւորվում Է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ օգտակար բեռ եւ պարենամթերք հասցնելու համար. արձակման հեռարձակումն իրականացնում Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Cygnus-ն անջատվել Է հրթիռի երկրորդ աստիճանից եւ կայուն ուղեծիր դուրս եկել Երեւանի ժամանակով 02:10-ին՝ Երկրի մակերեւույթի նկատմամբ 179 կիլոմետր բարձրության վրա: Կրող հրթիռի արձակումը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով 01:56-ին՝ ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ուոլոփսում գտնվող NASA-ի տիեզերակայանից:

Cygnus-ը, որը հանդերձված Էր պարենով ու սարքավորումով, ՄՏԿ Է ուղեւորվել երկսանդղավոր Antares 230+ կրող հրթիռի օգնությամբ՝ ՄՏԿ բեռներ հասցնելու NASA-ի Commercial Resupply Services-2 (CRS-2) ծրագրի համաձայն: Սպասվում Է, որ Cygnus-ը ՄՏԿ-ի հետ կցումը կկատարի օգոստոսի 12-ին եւ մինչեւ երկիր վերադառնալը նրա վրա կգտնվի երեք ամիս: Northrop Grumman-ը ՄՏԿ օգտակար բեռներ հասցնելու եւ այնտեղից աղբը դուրս բերելու գործողություններն անցկացնում Է Cygnus-ի օգնությամբ՝ 2014 թվականից: Այս արձակումը 16-րդ Է դարձել բեռնատար տիեզերանավի համար: Cygnus-ի առաջին հաջող արձակումը տեղի Է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am