Կատարը հարաբերությունների կարգավորման շրջանակում դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում

21:42, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում, որի հետ հարաբերությունները 2017 հունիսից սառեցված վիճակում էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշանակումը տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակում:

Կատարի ազգային գործակալության փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայում դեսպան է նշանակվել Բանդար Մուհամեդ Աբդալլա ալ-Աթիյան, ով նախկինում ղեկավարել է Քուվեյթում այդ երկրի դեսպանատան աշխատանքները:

2017 թվականի ամռանը Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին խառնվելու մեջ: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցներն ու տրանսպորտային շրջափակումը: Այդ երկրները, մասնավորապես, փակեցին իրենց օդային տարածքը կատարական ավիացիայի համար: Կատարում նման քայլերը չհիմնավորված որակեցին:

Իրավիճակը հարթվեց միայն 2021 թվականի հունվարին, երբ ստորագրվեց համաձայնագիր Կատարի հետ տարաձայնությունների հաղթահարման վերաբերյալ: Մայիսին Կատարի էմիրն այցելել էր Սաուդյան Արաբիա:

 

 


© 2009 ARMENPRESS.am