Փարիզի Խաղերին կձգտեմ փոխել մեդալիս գույնը. Արթուր Դավթյան  

13:53, 12 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մտադիր է մասնակցելու նաև Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց մարմնամարզիկը: «Մեծ սպասելիքներով էինք գնացել Տոկիո: Շատ դժվար ու երկար ճանապարհ էր: Մենք կարողացանք հաղթահարել ամեն դժվարություն ի շնորհիվ մարզիչների: Շնորհակալ եմ ամենքից, ով սպասում էր և ով օգնում մեզ այս ճանապարհին: Որակավորման փուլում լավ հանդես եկա, և երկար էր եզրափակիչին սպասումը: Պետք է սպասեինք 8 օր: Ուրախ եմ, որ լարվածությունը հաղթահարեցինք և մեդալով վերադարձանք հայրենիք: Այս բրոնզե մեդալը, մեր պայմանները հաշվի առնելով, ոսկի արժե»,- ասաց նա:

Դավթյանն իր խոսքում շեշտեց, որ միանշանակ մարզվելու է և պատրաստվելու է Փարիզի Օլիմպիական խաղերին: «Հիմա ես վնասվածքներ ունեմ, որոնք պետք է բուժեմ: Վնասվածքի պատճառով չեմ մասնակցի աշխարհի առաջնությանը: Ձգտելու եմ, որ Փարիզի Օլիմպիական խաղերում փոխեմ ինձ մոտ առկա այս մեդալի գույնը: Լիահույս եմ, որ այդ ժամանակ մենք հ ոչ թե Վրաստան կգնանք հավաքների, այլ մեր երկրում կանցկացնենք»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am