Պենտագոնը հայտնել է Քաբուլում ԱՄՆ զինվորականների թիվը 4 հազարը գերազանցելու մասին

20:06, 17 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինվորականների թիվը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օգոստոսի 17-ին կգերազանցի 4 հազարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ ուժերը թալիբների կողմից սպառնալիքների չեն ենթարկվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ Պենտագոնում հայտնել է գեներալ Հենկ Թեյլորը:

«Մինչև այս օրվա վերջը Քաբուլում ավելի քան 4 հազար զինվորական կլինի»,- նշել է նա:

Միաժամանակ, նրա խոսքով, օդանավակայանից անցած օրվա ընթացքում 7 ռազմական չվերթ է իրականացվել:

«Այդ ինքնաթիռները մոտ 700-800 ուղևոր են տարել, և մենք կարող ենք հաստատել, որ դրանցից 165-ը ԱՄՆ քաղաքացիներ են»,- հավելել է գեներալը:

Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են, որ ամերիկյան ուժերը Քաբուլի օդանավակայանում «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինների կողմից հարձակումների չեն ենթարկվել, ԱՄՆ-ի զինվորականները նրանց հետ շփումներ են պահպանում:


© 2009 ARMENPRESS.am