ՀՀ  պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

21:57, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 20-ին հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

«ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ավարտին Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։


© 2009 ARMENPRESS.am