Վաշինգտոնը ձեռնարկելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկմանը. Շահան Գանտահարյան

13:28, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Շահան Գանտահարյանը նախ նշել է, որ դեսպանի այդ հայտարարությունը վերաբանաձևումն է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական մոտեցումների։

«Այս տեքստով ասվում է, որ Վաշինգտոնը վերաձեռնարկելու է Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկմանը և այս առումով հակամարտության կարգավորումը պայմանավորում է անպայման ԱՄՆ-ի դերակատարության ընդգծմամբ։ Երկրորդ՝ պատերազմի հետեւեանքների հաղթահարված չլինելը հաստատելով՝ դեսպանը ակնարկում է հիմնականում ռազմագերիների վերադարձի առկախման մասին։ Հետեւանքների վերացումը անմիջական հասկացությամբ առնչվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի 8-րդ կետին։ Իսկ 8-րդը ամենաանմիջական առնչությունն ունի պատերազմի հետեւանքների հաղթահարման, այսինքն՝ աճյունների եւ ռազմագերիների փոխանակման հետ, ինչը տապալում է Բաքուն»,- ասել է  Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով` հայտարարության մեջ նաև երանգային ենթատեքստ կա։

«Երբ ասվում է հակամարտությունը կարգավորված չէ, հետեւաբար չի լուծվել կարգավիճակի հարցը, դա ենթադրում է, որ նախ պետք է բանակցել ու ճշտել Արցախի կարգավիճակի խնդիրը, ապա նոր անցնել սահմանազատման եւ սահմանագծման։ Կամ էլ կարգավիճակի ճշտումի խնդիրը տարանջատել սահմանազատման-սահմանագծման գործընթացներէն։ Այստեղ արդեն որոշակի անհամատեղելիություն կա Վաշինգտոնի եւ Անկարա-Բաքու միացեալ կողմի ընկալումների միջեւ»,- եզրափակել է Գանտահարյանը:


© 2009 ARMENPRESS.am