Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը

19:51, 23 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն:

«Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական գործընթաց կա, երբ այն կավարտվի, այդ ժամանակ ես ամեն ինչ կասեմ: Հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքը, որոնցով դատախազն ինձ կալանք է առաջադրել, արդեն չկան: Մեկն այն է, որ ես այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չեմ և ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, ում ապօրինաբար ցանկանում են զրկել ազատությունից:  Երկրորդ հիմքն էլ այն է, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրվել են: Այս ամենի հետ մեկտեղ, դատախազը նաև նշել է, որ իրենք հիմք չեն համարելու այդ ցուցմունքները և հիմք են համարելու տարածված ձայնագրությունը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,- նշեց Չարչյանը:

Նա շեշտեց, որ իր համար կալանքի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա է կառուցված եղել ու որ ինքը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է:

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ սա քաղաքական հետապնդում է և Առաջին ատյանի դատարանի որոշումը (Չարչյանի կալանքը վերացնելը – հեղ.) բեկանելու որևէ հիմք չկա:

«Այն հիմքերը, որոնք ներկայացվել են, այժմ չկան: Այս որոշումն ապօրինի է: Մենք պայքարելու ենք իրավական դաշտում ու մինչև վերջ: Պարոն Չարչյանն ազատության մեջ է գտնվելու, արդարադատությունը վերականգնվելու է»,- շեշտեց պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, օգոստոսի 23-ին, բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:


© 2009 ARMENPRESS.am