Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018-ին ԼՂ-ի հարցով բանակցային ժառանգությունը չհրապարակելը

16:08, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ողջ բանակցային ժառանգությունը չհրապարակելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարությանը համարում է պատերազմի հետևանքների պատասխանատու և մեղավոր:

«Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի արված հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը փակուղային վիճակում հայտնվելու մասին:

«Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ ասել, որ այո, մենք մինչև վերջին րոպեն և վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել»,- ընդգծեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am