Հակառակորդը Սոթքի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն

10:59, 29 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

Հայկական կողմից տուժածներ չկան։


© 2009 ARMENPRESS.am