Գյումրիում վերաբացվել է քովիդի բաժանմունքը  

14:53, 30 Օգոստոս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քովիդով դրական ախտորոշումների թվի ավելացումը հաշվի առնելով՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է քովիդի բաժանմունքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս պահին ոչ միայն քովիդ բաժանմունքն է ծանրաբեռնված աշխատում, այլ նաև թերապևտիկ բաժանմունքը՝ թոքաբորբով հիվանդների պատճառով։ 

Քովիդի բաժանմունքի բացմանը զուգահեռ, «Գյումրի» բժշկական կենտրոնում կրկին խստացվել է հիվանդներին տեսակցության կանոնները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կենտրոնից՝ մինչ այս «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդի բաժանմունքը փակվել էր՝ հիվանդների թվի նվազման պատճառով, գործում էր միայն տրիաժային բաժանմունքը: Ներկայումս կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել:

«Հիմա բաժանմունքի վերաբացման անհրաժեշտությունը կար. և՛ դիմելիությունն էր շատ, և՛ դրական արդյունքները»,- նշեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Բաժանմունքը կսպասարկի հիվանդների ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու ու Տավուշի մարզերից:

Արմենուհի Մխոյան

 


© 2009 ARMENPRESS.am