Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են վերացնել գրավը կամ նվազեցնել դրա չափը  

15:45, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նախորդ տարվա հունիսին դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։

Պաշտպանն արձանագրել է, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06․04․2021 որոշումը (300․1 հոդվածով արդարացման վճիռ) Քոչարյանի խափանման միջոցի մասով բեկանել, փոփոխել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում՝ վերանայել, նվազեցնել գրավի չափը։

Բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին:


© 2009 ARMENPRESS.am