Հայաստանի ընտրանին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի

00:36, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության J խմբի որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել` թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեին, սակայն չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Հայաստանի հավաքականը գրագետ պաշտպանվում էր և փորձում սուր հակագրոհել, սակայն ինչ-որ բան պակասում էր գրոհների վերջնամասում: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում էլ առաջին կեսի զարգացումներն էին կրկնվում` գրոհներ կային, արդյունք` ոչ: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց 0:0:

Նույն J խմբում Գերմանիան 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:

Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին 10 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Գերմանիան ունի 9, Հյուսիսային Մակեդոնիան` 7 միավոր: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 5-ին` մրցելով Գերմանիայի ազգային հավաքականի հետ:


© 2009 ARMENPRESS.am