ՀՀ Ազգային ժողովում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը

20:02, 7 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է  Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից,  հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ մեծապես կարեւորում է երկու երկրների օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:

«Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի ԱԺ նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու պատրաստակամություն: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Եզրափակելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակել է ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից:

 


© 2009 ARMENPRESS.am