Պետք է խաղանք սառը գլխով և տաք սրտով. Բայրամյանը՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին

20:33, 7 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանի կարծիքով՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում ընտրանին պետք է գործի սառը գլխով և տաք սրտով:

«Մեզ վրա մեծ ճնշում չկար, որ մրցաշարային աղյուսակի առաջատարն էինք մինչև Գերմանիայի դեմ խաղը: Մեր հաջորդ հանդիպումը ցույց կտա, թե ինչ հետևություններ ենք արել Գերմանիայից կրած պարտությունից: Տղաներն ուզում են վերականգնվել այդ խաղից: Բոլորս էլ լավ հասկանում էինք, որ խաղում ենք Գերմանիայի նման թիմի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է Բայրամյանը: Վերջինս շեշտել է նաև, որ Լիխտենշտեյնի դեմ կարևոր հանդիպում է սպասվում: «Լիխտենշտեյնի դեմ պետք է սառը գլխով և տաք սրտով խաղանք»,-ասել է նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է:

 

 


© 2009 ARMENPRESS.am