Սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել. ՀՀ ՄԻՊ-ը բազմաթիվ փաստեր է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից

12:01, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք ենթարկվել են համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմենիա Մարիոթ հյուրանոցում հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իրավապաշտպանների կողմից կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Թաթոյանն ընդծեց, որ հայ ռազմագերիների խոշտանգումները հիմնված են եղել էթնիկ խտրականության, այսինքն՝ գերիների հայ լինելու հանգամանքի վրա։

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը նոր գերեվարվելուց հետո, հատկապես, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից է լինում։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել։ Կամ եղել է դեպք, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել, հետո սնունդը գցել են աղբի մեջ։ Հաճախ խոշտանգումները եղել են հատուկ մատը վերքի վրա դնելով, ընդ որում՝ այնպես են արել, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն և սնունդ, որ նոր տան։ Նաև հատուկ սառը ջուր են շփել ցուրտ եղանակին մերկ զինծառայողների վրա՝ պատուհանը բացած վիճակում», - պատմեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նախկին գերեվարվածները պատմել են ՄԻՊ-ին, որ երբ «Կարմիր խաչից» մարդիկ էին գալիս այցելության՝ նախապես փոխում էին վերաբերմունքը։ Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու նպատակով. ցանկալի տեղեկությունների շարքում են եղել անձնական տվյալներ ստանալը, ստիպել են, որ Ադրբեջանի ղեկավարությանը փառաբանող հայտարարություններ անեն, Հայաստանի կառավարության հասցեին նվաստացնող հայտարարություններ։

Ըստ օմբուդսմենի՝ ստիպողաբար սուտ տեղեկությունների ստացման մասին կան հստակ փաստեր.

«Զինվորներից մեկին ստիպել են ասել, որ Զանգելանում եղել է հարսանիք, և ինքը նռնակով պայթեցրել է՝ սպանելով 50 ադրբեջանցի»:

 Թաթոյանի խոսքով՝ հատուկ դաժան վերաբերմունք են ցույց տվել Ապրիլյան պատերազմի Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցների նկատմամբ։ Նաև, հատկապես դաժան են եղել այն ռազմագերիների նկատմամբ, ովքեր հրաժարվել են կատարել ադրբեջանցի զինվորների պահանջները։

«Հատկապես զազրելի է այն դեպքերը, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ, օրինակ՝ հիվանդանոցներում։ Անցնող դառնողները, օրինակ՝ բուժառուները, թքել են հայ գերիների վրա, և դա տեղի է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայողի ներկայությամբ», - տեղեկացրեց Թաթոյանը՝ նշելով, որ նույնիսկ բժիշկներն են գերիների նկատմամբ բռնություն գործադրել։

Ռազմագերու մարմնի վրա եռացած ջուր կամ թեյ են լցրել, հետո ծեծել են, որից հետո 21 օր չի կարողացել քայլել։

Պաշտպանի խոսքով՝ ադրբեջանցիները խախտել են նաև ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ իր հերթին ավելացրեց, որ երեք հիմնական կառույցներ են իրականացրել հայ ռազմագերիների խոշտանգումները՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, քննչական մեկուսարանը և արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։ Պատժիչ և նպատակային ծեծը, ըստ նրա, իր շարունակությունն է ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարաններում։

 


© 2009 ARMENPRESS.am