Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտ է ներկայացրել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը

21:08, 8 Սեպտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 8  ՍԵՊՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ԸԸՀ՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու համամասնական ընտրություններին մասնակցելու հայտադիմումով ներկայացել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը համամասնական ընտրություններին մասնակցելու համար  ներկայացրել է 42 հոգուց բաղկացած ընտրացուցակ։

«Ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը»,-տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Մինչ այս պաշտոնը, Սամսոնյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմում զբաղեցրել է մի քանի պաշտոն։

«Բալասանյան» դաշինքը ձևավորվել  է 2016 թվականին՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով, դաշինքը գլխավորում էր Սամվել Բալասանյանը։ Այս անգամ դաշինքը, առանց Սամվել Բալասանյանի, ՏԻՄ ընտրություններին հանդես է գալիս որպես կուսականություն՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն։ 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am