Երևանի ավագանին կքննարկի hայ վրիժառուներին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագիծը

14:13, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 14-ի նիստում կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձանն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում տեղադրելու մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-րդ նիստի օրակարգում։

Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող։

«2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն»,- նշված է նախագծում։

Նախագծում նշված է նաև, որ ներկայացված առաջարկը արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների հավանությանը։


© 2009 ARMENPRESS.am