ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչին

19:45, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:

ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:

«Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնեց պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ:

Հյուրը նշել է նաեւ, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:


© 2009 ARMENPRESS.am