Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

09:43, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին, ով ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


© 2009 ARMENPRESS.am