ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

21:31, 21 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների  անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական  մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են  արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:

ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ  հարցերի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am