ՊԵԿ-ը սկսել է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր շնորհել նոր չափանիշներով

15:42, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։  

Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաև հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը, չունենալ հարկային և (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման և վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:  

 


© 2009 ARMENPRESS.am