Երանոսում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը

21:59, 22 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 729 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը։ Հիմնանորոգվող ջրատարի երկարությունը կազմում է 1400 գծամետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ից եւ կավարտվեն այս տարվա դեկտեմբերին։ «Համայնքի երեք թաղամասերը սնուցող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը շահագործվել է անցած դարի 70-ական թվականներին, քայքայվել է՝ պատճառ դառնալով ջրաքանակի նկատելի կորուստների։ Միաժամանակ մատակարարվող ջուրն է դարձել անորակ։ Հին, քայքայված խողովակներն այժմ փոխարինվում են պոլիէթիլենային խողովակներով։Շինարարական աշխատանքների ավարտից հետո երեք թաղամասերի 517 տնտեսություն կունենան շուրջօրյա եւ միանգամայն մաքուր ջրամատակարարում»,-հավաստեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am