Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր

11:53, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո: Միաժամանակ, հունիսի խորհրդարանական խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին:

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին՝ սատարելով հետագա պետական և հասարակական բարեփոխումները: Բացի այդ, Դաշնային կառավարությունն իր ուժերի ներածի չափ կշարունակի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և եռանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղվող ջանքերը:

Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ձեր երկիրն ու համերկրացիները հաջողությամբ հաղթահարեն համավարակը: Հայ ժողովրդին հղած իմ բարեմաղթանքներին հավելում եմ անձնական մաղթանքներս՝ Ձեզ և Ձեր ընտանիքին»: 

 

 


© 2009 ARMENPRESS.am