Մարտունի քաղաքում կազմակերպվեց Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային արժեքների ցուցահանդես

10:24, 24 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակույթային արժեքները:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  միջոցառումը կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրինությունը, ցուցահանդեսը անցկացվում է «Յոթ սարի հետևում» հայրենաճանաչողական փառատոնի շրջանակում: Ներկաներին իր խոսքը ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Ցուցանմուշները բարձրորակ լուսանկարների տեսքով տարիների ընթացքում հավաքել էր մեր հայրենակից Զոհրաբ Ըռքոյանը, որը նաև Արցախյան պատերազմի մասնակից է: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, ինչպես նաեւ տեղահանված արցախցիներ, ովքեր բնակվում են Մարտունի համայնքում:

«Ցուցանմուշները մեր պատմամշակութային արժեքների անխոս վկաներն են, որոնք ապացուցում են հայ ազգի հազարամյա պատմությունը եւ նրա ապրելու իրավունքը Արցախի հողի վրա: Կանցնեն ժամանակները, բայց մեր պատմության ու մշակույթի այս վկաներն իրենց ներկայությամբ միշտ կհավաստեն իրենց հայկականության մասին, այն մասին, որ այս հիասքանչ կոթողները կերտվել են հայ մարդկանց ձեռքերով»,-ներկաներին դիմեց Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գեւորգյանը։  

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am