Հայաստանում նախատեսվում է 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերում. ԱԺ- ն քննարկում է նախագիծը

12:03, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Հայաստանում 441 համայնքներ միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ  արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ակնհայտ է, որ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար: Այդ խոչընդոտները առավել ակնառու են 3000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքների պարագայում. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, երբ համայնքի բնակչությունը 3000-ից քիչ է, մի շարք ծառայություններ համայնքապետարանն ի զորու չի լինում իրականացնել»,-ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ քննարկումները հանգեցրել են նրան, որ ցանկալի է համայնքները միավորել: Այդ բուն պրոցեսը տեղի է ունեցել 2016-2017թթ, երբ Հայաստանի 486 համայնք միավորվել է 54 համայնքային փնջերի մեջ:

«Մենք հիմա, հաշվի առնելով եղած փորձը, դրական և բացասական կողմերը, փորձել ենք շարունակել համայնքների միավորման, խոշորացման գործընթացը՝ որոշակի փոփոխություններ առաջ բերելով: Նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ»,-ասաց Սանոսյանը:

Կստեղծվեն համայնքային փնջեր: Օրինակ, Արագածոտնի մարզում Աշտարակի մեջ կընդգրկվի 30 համայնք, Ապարանում՝ 2, Թալինում՝ 29, Մեծաձորում՝ 2, Արևուտում՝ 6:

Արարատի մարզում Արտաշատի մեջ կընդգրկվի 38 համայնք, Արարատում՝ 12, Մասիսում՝ 27, Վեդիում՝ 17:

Արմավիրի մարզում Արմավիրի մեջ կընդգրկվի՝ 11, Վաղարշապատում՝ 2, Մեծամորում՝ 31, Բաղրամյանում՝ 14, Արաքսի մեջ՝ 13, Խոյի մեջ՝ 17, Փարաքար՝ 8….

Սանոսյանի խոսքով՝ շահագրգիռ անձանց մեծ մասը կողմնակից է եղել շրջանային մոդելին, սակայն ամբոջությամբ շրջանային մոդելը չեն վերականգնել: Բայց մի շարք տեղեր կան, որտեղ շատ գործոններ հաշվի առնելով՝ վերականգնել են շրջանները:

«Խոշորացման նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Խոշորացումով մենք ոչինչ չենք փակում, կառավարման մոդելն ենք փոխում՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությունը»,- նշեց նախարարը:

 


© 2009 ARMENPRESS.am