Համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին

12:27, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը կլինի կին, կանանց ներգրավվածությունը տեղական կառավարման մարմիններում կմեծանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Զարուհի Բաթոյանի հարցին:

«Այս ամբողջ միավորման, խոշորացման գործընթացում մի կարևոր բան կա. քանի որ մենք գնում ենք համամասնական ընտրակարգով, մեր ավագանիների ցուցակի ամեն երրորդ ներկայացուցիչը պետք է լինի կին: Եվ ես սա համարում են շատ դրական գործընթաց: Մարզերում, համայնքներում, տեղական կառավարման մարմիններում բավականին մեծ թվով կանայք կներգրավվեն և՛ ավագանիում, և՛ համոզված եմ՝ համայնքապետարանում այլ գործընթաց կիրականացնեն»,-ասաց Սանոսյանը:

Ըստ նրա՝ դրա արդյունքում համայնքի կառավարման արդյունավետությունը շատ կբարձրանա:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:


© 2009 ARMENPRESS.am