Մարտունի քաղաքում սալիկապատվում են բազմաբնակարան 18 շենքերի բակային տարածքները

17:39, 24 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սալիկապատվում են բազմաբնակարան 18 շենքերի բակային տարածքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է տուֆ քարով սալիկապատել 2900 գծամետր՝ 8400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, տեղադրել ինը խաղարան-զրուցարան։

«Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Ծրագրի իրականացման արդյունքում մենք Երեւանյան, Գեւորգ Զիրոյան եւ Պռոշյան փողոցների վրա գտնվող բազմաբնակարան 18 շենքերի բակերում կունենանք միանգամայն բարեկարգ ու նորացված տարածքներ։Սա շատ պահանջված ծրագիր է բազմաբնակարան շենքի բնակիչների համար, մյուս կողմից էլ քաղաքի տեսքն է դառնում գեղեցիկ ու հրապուրիչ»,-ներկայացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am