ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում վարչապետը հայտարարեց տարածաշրջանի երկրների հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին

21:21, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում այս մասին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացըԱնհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասաց վարչապետը:

Ըստ երկրի ղեկավարի՝ աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանա­զատման հարցն է:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքԱյս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»,- եզրափակեց Փաշինյանը:

 


© 2009 ARMENPRESS.am