Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանը ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը
11:10, 25 Սեպտեմբեր, 2021Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։
Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։
© 2009 ARMENPRESS.am