ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

21:14, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից, հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: 

«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:

 


© 2009 ARMENPRESS.am