Գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր... Հայ նոր լիրիկայի փայլուն դեմքերից մեկը

09:15, 29 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կան մեզանից հավերժ բաժանվածներ, որոնք միշտ ներկա են մեր սրտերի մեջ, որոնց հիշում ենք երախտագիտությամբ եւ անհուն սիրով: Այդպիսի անմահներից է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը՝ մեր նոր լիրիկայի փայլուն կերտողներից մեկը: Նրա անունը թինդ է հանում իմ հոգին, եւ վերստին ապրում եմ խանդավառ պատանեկությանս հրաշալի այն պահը, երբ հոգուս աչքերի առաջ բացվեց կախարդանքի այն չքնաղ պարտեզը՝ նրա բյուրեղային լիրիկան: Բախտորոշ եղավ ինձ համար նվիրական այդ պահը, եւ ես գտա իմ ճանապարհը:

Այսպես՝ առաջին անգամ ես տեսա նրան 1889 թվին, սեպտեմբերին, երբ աշակերտեցի Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Իմ երազած բանաստեղծը իմ ուսուցիչն է հիմա, իմ վարժապետը, ի՞նչ կար սրանից ավելի նախանձելի վիճակ: Առաջին վայրկյանից ես սիրեցի ու նվիրվեցի նրան: Այն ժամանակ նա 26 տարեկան երիտասարդ էր՝ գեղեցիկ, հմայիչ, այնպես բարի, պարզ եւ քաղցր: Սրտով սովորում էի նրա դասերը եւ ուզում էի, որ նկատեր ինձ: Երբեմն-երբեմն նոր գրած ոտանավորներս ներկայացնում էի նրան, սիրով կարդում էր, նկատումներ եւ ուղղումներ անում եւ անգնահատելի խորհուրդներ տալիս: Այսպես գնում էր ժամանակը դասերի եւ անուրջների միջով:

Մի օր՝ 1892 թվին, ցույց տվի մի նոր ոտանավոր.

«Ծաղիկ էի նորաբողբոջ

Սարի լանջում, երկնի տակ»…

Կարդաց ոտանավորս, նորից կարդաց եւ քաղցր ժպիտով ասաց՝ ուսիս թեթեւ խփելով. «Կեցցե՜ս, հիմա արդեն բանաստեղծ ես…»:

Ոգեւորությանս սահման չկար…»:

Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Կարծում եմ՝ արժեր Վարպետի հուշերից այս թանկ պատառիկն ամբողջությամբ ներկայացնել Հովհաննես Հովհաննիսյան բյուրեղյա բանաստեղծի հիշատակի օրվա պատեհ առիթով: Նրա, ում վերապահված էր արեւելահայ բանաստեղծական նոր դպրոցի ստեղծումը, որի ներկայացուցիչներն էին նույն ինքը՝ Ավ. Իսահակյանը, մեծն Թումանյանը, Վ. Տերյանը, այլ երեւելիներ:

1864 թ. հայոց հոգեւոր մայրաքաղաքում ծնված ապագա բանաստեղծը նախ ուսանել է տեղի ծխական դպրոցում, ապա Երեւանի պրոֆգիմնազիայում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել նույն քաղաքի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Ուսումնառության ավարտից անմիջապես հետո երիտասարդ բանաստեղծը շրջագայում է եվրոպական մի շարք քաղաքներում՝ Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն: Վերադառնալով ծննդավայր՝ աշխատանքի է անցնում Գեւորգյան ճեմարանում՝ դասավանդելով ռուս գրականություն եւ լեզու, ընդհանուր գրականություն եւ… հունարեն:

1912-ին նա արդեն հայահոծ Բաքվում էր: Հանրահայտ Բաքվի կոմունայի օրերին բանաստեղծը ստանձնում է կոմունայի լուսբաժնի վարիչի պաշտոնը: Հուսալով բաղձալի ապագա՝ ողջունում է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, իր գրչակից ընկերներից շատերի նման նվիրվում երկրի վերակառուցման ու լուսավորության գործին: Աշխատում է Վաղարշապատի գավառի լուսբաժնի վարիչ, 1922-ին՝ երկրի Ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում:

Իսկ գրական աշխարհ նա մուտք էր գործել վաղուց՝ 1887-ին հրատարակված «Բանաստեղծություններ» խորագրով գրքով: Առաջին գիրք եւ անթաքույց ճանաչում. քչերի պարագայում է լինում այդպես: Բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ հագեցած նրա ստեղծագործությունները հեշտությամբ են գտնում դեպի մարդկային սրտեր տանող ճանապարհը: Նրա պոեզիայում անթաքույց է սերը ճնշվածների, հարստահարվածների հանդեպ, ժողովրդի ցավերն ու մտահոգություններն անշրջանցելի են բազմաթիվ գործերում: Հովհաննիսյանի քնարերգության որոշ նմուշներ ձեւով ու բովանդակությամբ առնչվում են ժողովրդական պոեզիային՝ «Արազն եկավ լափին տալով», «Ալագյազ բարձր սարին»: Բոլորը չթվարկենք: Դրանցում մեր ժողովրդի պանդուխտ զավակների ապրումներն են, հայրենի չքնաղ բնաշխարհի գեղեցկությունները:

Բանաստեղծի հայրենասիրական քնարին հատուկ են քաղաքացիականությունը, հերոսականությունն ու լավատեսությունը: Նրա անսասան համոզմունքն է, որ հայրենիքի նվիրյալ զինվորը չպետք է հանձնվի հուսահատության, լքման տրամադրություններին («Սարն ի վեր»՝ գրված համիդյան կոտորածների օրերին):

Հ. Հովհաննիսյանը հաճախակի է դիմել մեր վաղնջական պատմության անցքերին, ժողովրդական զրույցներին: Արդյունքում ծնվել են ժամանակակիցներին ոգեշնչող գործեր, որոնք մեր դասական պոեզիայի զարդերից են նաեւ այսօր՝ «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը», քնարաշունչ բազմաթիվ ստեղծագործություններ:

Անուրանալի է բանաստեղծի նաեւ թարգմանական վաստակը՝ Հոմերոս, Գյոթե, Շիլլեր, Հյոգո, Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Հայնե, Պետեֆի, Ուլանդ, տասնյակ ուրիշ դասականներ: Եվ բոլորը՝ բնագրային թարգմանություններ: Եվ բոլորը՝ դասական մակարդակի:

Այսպիսին են երեւելիները՝ նոր ժամանակներում անիրավորեն թեկուզ ինչ-որ տեղ մոռացված…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  

 


© 2009 ARMENPRESS.am