Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…

09:30, 30 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է մատենադարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջեւ, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել…»:

Հենրիկ ՄԱԼՅԱՆ

Վրաստանի Թելավ քաղաքում է ծնվել հայ կինոարվեստի երախտավորը՝ թատերական ու կինոռեժիսոր, սցենարիստ ու թատերական ուսուցիչ Հենրիկ Մալյանը: Աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում՝ գծագրիչ ու փականագործ: Բայց ի վերուստ նրան տրված կոչումն այլ էր: Եվ այդ կոչմանը տանող ճանապարհն սկսվելու էր ուսումնառությամբ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լեւոն Քալանթարի արվեստանոցում: Այնուհետեւ ավարտելու էր Մոսկվայի՝ Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ընդլայնված դասընթացները: Եվ սկսվելու էր մասնագիտական գործունեությունը հայրենի քաղաքներում: Արտաշատ, Վանաձոր, Կապան քաղաքների բեմերում ներայացնելու էր Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Հ. Պարոնյանի  «Պաղտասար աղբար», իսկ մայր թատրոնի բեմում՝  Վ. Սարոյանի  «Խաղողի այգին» պիեսները: Հետո աշխատելու էր հեռուստատեսությունում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Եվ ստաժավորում էր անցնելու ռեժիսորներ Կալատուզովի ու Բոնդարչուկի մոտ: 1980-ին Երեւանում հիմնելու էր «Մալյան թատրոն-ստուդիան»՝ որպես դերասանական արվեստի դարբնոց: Այստեղ նրա առաջին բեմադրությունը Վիլյամ Սարոյանի «Իմ հայրենիքի խրատական հեքիաթներն» էր լինելու:

Հենրիկ Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես», «Մսյո Ժակը եւ ուրիշներ»: Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» շրջադարձային էր լինելու ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար՝ անմիջականություն, գեղարվեստական հզոր խոսք, ռեժիսորական նուրբ ճաշակ:

Ռեժիսորը «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» եւ սիրված այլ ֆիլմերի համար ընտրելով ոչ այնքան ծավալուն սյուժեներ՝ հասնում է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների՝ իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապելով նոր ժամանակների նշանակալի իրադարձություններին ու խմորումներին: Նշվածներից «Նահապետը» առանձնանում է, հիրավի, շքեղ կինոլեզվով, ֆիլմ, որում հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտված մեծ եղեռնի արհավիրքներից փրկված հայ մարդու կերպարը: Եվ որքան բնութագրական է մալյանական ֆիլմերում կոթողային կերպարներ մարմնավորած մեծավաստակ Սոս Սարգսյանի գնահատման ու  մեծարանքի ծանրակշիռ խոսքը՝ հասցեագրված իր արվեստագետ ընկերոջը. «Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, եւ չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում…»:

Հավելենք, որ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը, որ դեռ այնքա՜ն մտահղացումներ ուներ իրագործելու, երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1988-ի գարնան զարթոնքի ճիշտ այն օրերին, երբ հայրենիքում, Արցախում  եւ սփյուռքում փոթորկվել էր ազատատենչ համայն հայությունը: Նրան բախտ չվիճակվեց մասնակիցն ու ականատեսը դառնալու համազգային այդ զարթոնքին, որը կարող էր նոր արարումների մղել ազգային կինոգործչին: Սակայն գոհանանք, որ հասցրեց արարել կինոարվեստի այնպիսի գոհարներ, որոնք ենթակա չեն մշուշվելու այլ արժեք դավանող ժամանակների հոլովույթում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 


© 2009 ARMENPRESS.am