Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար

11:41, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Շատ ցավում եմ, որ մենք այսօր ունենք 2 000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Ադրբեջանցիների մոտ է մնացել ընդհանուրը 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք, այլ գրականություն»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ դրանք միայն հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային հուշարձաններ չեն, դրանք մարդկության ժառանգությունն են, օկուպացվել է քաղաքակրթական ժառանգություն. Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը և ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք են:

 «Մենք ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից անմիջապես հետո  ռմբապաստարաններում թաքցրած գույքը ետ բերել, փորձել ենք նաև փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք: Բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին, ադրբեջանցի նկարիչների գործերը շարունակում են մնալ մեզ մոտ: Այսինքն՝ չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»,- ասաց Ղարախանյանը:

Նա շեշտեց՝ հայկական կողմը գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է:

 


© 2009 ARMENPRESS.am