Մհեր Գրիգորյանը «Standard & Poor’s»-ի վարկանշավորումը կարևորում է կապիտալի շուկայի ձևավորման առումով

12:29, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը նպաստում է պարտքի շուկայի հասանելիությանը և պայմանների լավարկմանը։ «Բայց նաև կապիտալի շուկան է մեզ համար գերկարևոր խնդիր։ Եվ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը և ապահովում մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքը կապիտալի շուկա, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Սա, իրոք, կարևոր իրադարձություն էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստի սկզբում ասաց Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ի լրումն «Մուդիսի» և «Ֆիթչի» գնահատականների, սա հետևյալ արտոնությունն ունի. կա պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին։

«Որքան շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից վարկանիշավորումները, այնքան շուկան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։ Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության, գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները։ Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հավելեց փոխվարչապետը։


© 2009 ARMENPRESS.am