Ուռուցք ունեցող բուժառուները պատվաստման փուլն անցել են առանց բարդությունների. մասնագետ

15:36, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով Հայկուհի Գյոկչյանի հորդորն իր բուժառուներին կորոնավիրուսի դեմ անպայման պատվաստվելն է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մասնագետը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդանալը շատ մեծ խնդիրներ է առաջացնում ուռուցք ունեցող քաղաքացիների մոտ, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են:

«Կորոնավիրուսային պայմաններում լուրջ խնդիրներ ի հայտ եկան: Շատ հիվանդներ, որոնք գտնվում էին դինամիկ հսկողության տակ, տարվա մեջ երկու անգամ պարտադիր գալիս էին ստուգման, կորոնավիրուսի հետևանքով եղած սահմանափակումների պայմաններում մեկ տարի չէին դիմում բժշկի, վախենում էին գալ հիվանդանոց, և, ցավոք, որոշ մարդկանց մոտ այդ մեկ տարվա ընթացքում ունեցանք բացասական դինամիկա: Դրանից բացի, երբ ուռուցք ունեցողը վարակվում է կորոնավիրուսով, ուշանում են նրա հերթական կուրսերը, բաց են թողնվում ժամանակին դեղորայք ստանալու հնարավորությունները: Այնինչ ուռուցքաբանության մեջ պարտադիր  է, որ խիստ ժամանակացույցով ընթանա բուժումը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը:

Պատվաստումային ի՞նչ քաղաքականություն է որդեգրված ուռուցք ունեցող քաղաքացիների պարագայում: Հարցին ի պատասխան՝ Հայկուհի Գյոկչյանը նշեց, որ ամերիկյան և եվրոպական ուռուցքաբանական ասոցիացիաները տվել են ուղեցույցներ՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների ու պատվաստման հետ կապված:

«Բացարձակ հակացուցում մենք չունենք: Երևի, բացառություն են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում պատվաստվել: Կան նաև դեպքեր, երբ կարելի է որոշ ժամանակով հետաձգել պատվաստումը: Օրինակ,  ոսկրածուծի փոխպատվաստման պարագայում խորհուրդ է տրվում 3 ամսով հետաձգել պատվաստումը: Պատվաստվելը խորհուրդ է տրվում հետաձգել ծանր վիրահատության պատրաստվող հիվանդներին, բջջային թերապիայի ժամանակ: Թե որքան ժամանակով, դա արդեն կորոշի բուժող բժիշկը»,-ասաց Հայկուհի Գյոկչյանը՝ ավելացնելով, որ մնացած բոլոր դեպքերում, անկախ նրանից հիվանդները ստանում են քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային բուժում կամ պարզապես գտնվում է դինամիկ հսկողության տակ, նրանք պարտադիր պետք է պատվաստվեն: Նրանք չունեն որևէ հակացուցում պատվաստման դեմ:

«Պատվաստումների հետ կապված մեր պացիենտները շատ-շատ են հարցնում, նույնիսկ հետաքրքրվում են այն հիվանդները, որոնք վաղուց բուժվել են, դինամիկ հսկողությունից դուրս են եկել: Մեր բաժանմունքում բուժվող հիվանդների մեծ մասը պատվաստվել է: Ոչ մի բարդություն չենք ունեցել»,- հավելեց նա:  


© 2009 ARMENPRESS.am