Սիրտանոթային հիվանդությունների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստման որևէ հակացուցում չկա. սրտաբան

17:09, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պայմաններում սիրտանոթային հիվանդություններ ունեցողները խիստ խոցելի են, հետևաբար կանխարգելիչ միջոցառումները, պատվաստվելը շատ կարևոր է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախադրության խորհրդատու սրտաբանության գծով, «Սրտաբանների ասոցիացիա»-ի նախագահ Համլետ Հայրապետյանը նշեց, որ նրանք ավելի ծանր են տանում կորոնավիրուսային հիվանդությունը և ելքն ավելի անբարենպաստ է լինում:

«Մի կողմից անմիջական վիրուսի պաթոգեն ազդեցությունն է սրտի վրա, որը կարող է բերել սրտի վնասման, սրտամկանի ինֆարկտի, տարբեր տեսակի առիթմիաների: Կորոնավիրուսի պանդեմիայի առաջին շրջանում օգտագործում էին դեղորայք, որոնք ևս կարող էին բերել սրտամկանի վնասման: Քրոնիկ հիվանդները պետք է անմիջական գտնվեն իրենց սրտաբանի ուշադրության կենտրոնում և հետևեն կանխարգելիչ միջոցառումներին: Սիրտանոթային հիվանդությունների պարագայում կորոնավիրուսի դեմ պատվաստման որևէ հակացուցում չկա, միայն եթե սիրտանոթային հիվանդի մոտ սրացում է, ապա այդ ժամանակ խորհուրդ է տրվում հետաձգել»,-ասաց մասնագետը:

Սրտանոթային հիվանդությունների պարագայում արդյո՞ք կա նախընտրելի պատվաստանյութ, որի պարագայում ազդեցության ռիսկերը փոքր կլինեն: Հարցին ի պատասխան Համլետ Հայրապետյանը նշեց, որ տարբեր պատվաստանյութերի հետ կապված նշվում է հնարավոր կողմնակի ազդեցության մասին, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ունեցած բարդությունները, կորուստները, բոլորի համար գերադասելի է պատվաստվելը:

«Եթե ցանկացած դեղանյութի մասին ընթերցեք, ապա կտեսնեք, որ որոշակի կողմնակի ազդեցության հավանականություն կա: Այնպես, որ որպես մասնագետ մեկ անգամ ևս հորդորում եմ պատվաստվել: Իմ օրինակով ասեմ, ինքս պատվաստվել եմ, ընտրել եմ «AstraZeneca» պատվաստանյութը»,-ասաց Համլետ Հայրապետյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե պատվաստվելու պարագայում արդյո՞ ք հակամակարդիչ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն կա բարդություններից խուսափելու համար, Համլետ Հայրապետյանը նշեց, որ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, անհրաժեշտ ստուգման պարագայում, նոր կորոշվի:

«Պատասխանը միանշանակ չէ, դրա համար ես խորհուրդ կտայի յուրաքանչյուր անհատական դեպքում մոտենալ վարող բժշկին այդ հարցը ճշտելու համար: Կան անձինք, որոնց մոտ թրոմբի առաջացման ռիսկ կա և միգուցե հիմնավորված է նրանց նախնական հակաթրոմբոցիտ բուժում նշանակելը, բայց դա չի տարածվում ամբողջ բնակչության վրա: Ես խորհուրդ եմ տալիս անհատական մոտեցում ցուցաբերել»,-ասաց նա:

 


© 2009 ARMENPRESS.am