Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը

17:21, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է tr.sputniknews.com-ը:

«Մենք կողմ ենք, որ նախկինի պես հարգենք Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»,-Սպուտնիկի հետ զրույցում ասել է նա:

«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մոտենում է ավարտին, բնականաբար այն պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է ռազմական նախապատրաստություններին, ապա այդ նախապատրաստությունները պետք է հաշվի առնեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքը», - հավելել է Վերշինինը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարին:

Չավուշօղլուն նշել էր, որ  Սիրիայում  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան`  ինքնուրույն անել մեր գործը»,- ասել էր Չավուշօղլուն՝ նկատի ունենալով, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել:

Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել:

Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:

Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը:


© 2009 ARMENPRESS.am