Ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններին

12:10, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 14-ի հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը: Նշվում է, որ ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:

«Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները»,-նշել է Արման Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Ըստ նրա՝ այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու:


© 2009 ARMENPRESS.am