Ավետարանչականի հայաստանյան մասնաճյուղը նշում է իր 30-ամյակը նորանոր ծրագրերով Հայաստանում և Արցախում

11:00, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը նշում է իր 30-ամյակը նորանոր ծրագրերով Հայաստանում և Արցախում: Այդ առիթով հարցազրույց է տվել Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հարութ Ներսեսյանը:

-Մեծարգո պարոն  Ներսեսսյա՛ն, նախևառաջ թույլ տվեք շնորհավորել անձամբ Ձեզ և Ձեր ղեկավարած թիմին ԱՀԱԸ Հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։
Պատմեք, խնդրե՛մ, մասնաճյուղի հիմնադրման նախապատմությունը։

-Շնորհակալությու՛ն։ Նախապատմությունը հասկանալու համար պետք է հետ գնանք հեռավոր 1918 թվական,ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Վուսթր քաղաք, ուր հավաքվեցին մի խումբ ավետարանական նշանակալի դեմքեր, և որոշեցին օգնություն ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին, և հաջողությամբ կազմակերպեցին այն։

Այդպես ծնունդ առավ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (ԱՀԱԸ), որը գալիք տարիներին ավելի ու ավելի ամրապնդվեց ու հզորացավ։ Այսօր այն գործում է 24 երկրում  ներառյալ Հայաստանը։ Անշու՛շտ, մենք մեր ուժերի ամբողջ չափով օգնեցինք Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայաստանցի քույրերին և եղբայրներին։ Այդ տարիներին Խորհրդային Միությունն արդեն բավականին բաց էր արտերկրի համար, և այն ժամանակվա ԱՀԱԸ գործադիր տնօրեն լուսահոգի Վերապատվելի Մովսես Ջանբազյանը որոշում ընդունեց Մայր Հայրենիքում մեր կազմակերպության պաշտոնական ներկայացուցչությունը հիմնել։ Եվ Հայաստանի անկախության հրչակումից բառացիորեն շաբաթներ առաջ՝ 1991-ի   սեպտեմբերի 10-ին պաշտոնապես բացվեց ՀՀ-ում ԱՀԱԸ ներկայացուցչությունը: Եվ այդ նույն տարի Լևոն Պարտաքջյանը Հայաստան եկավ որպես ԱՀԱԸ ներկայացուցիչ։

-Եթե համառոտ, ապա ի՞նչ է արվել այս երեսուն տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում։        

 -1991-ին մենք Հայաստան ուղարկեցինք երիտասարդներ՝ այստեղ բակային ճամբարներ կազմակերպելու նպատակով։ Եկան նաև Ֆրանսիայից երիտասարդներ նույն նպատակով՝ «Espoir pour L’Armenie» (Հույս Հայաստանի համար) կազմակերպությունից, 1989-ին։

1992թ․ես առաջին անգամ Կանադայից եկա Հայաստան։

1994-ին Մայր Հայրենիքում ներկայացուցիչ նշանակվեց Վերապատվելի դոկտոր Ռընե Լեոնյանը, ես էլ՝ որպես տեղակալ, 1996-ի սեպտեմբերից։

2011-ին ես փոխարինեցի Վերապատվելի Լևոնյանին, և նշանակվեցի ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ։

Երկու տարի առաջ էլ Հայաստան ուղարկվեց Արեն Դեյրմենջյանը՝ իմ տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար։

Առաջին տարիները շատ ծանր էին՝ փլուզված տնտեսություն, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ․․․

Ուստի մեր օգնությունը հիմնականում նյութական էր՝ սնունդ, դեղորայք, տարաբնույթ ապրանքներ, հովանավորության ծրագրեր, և բժշկական ծրագիր։

Նյու-Յորքից Ներսես  և Արփինե Այնիլյանների նվիրատվությամբ ստեղծվեց մեր առաջին դարմանատունը՝ կլինիկան, որը սկզբում գործում էր մեր գրասենյակի տարածքում։

2000-ականների սկզբին կառուցվեց մի նոր շենք, որում սկսեց լիարժեք գործել «Այնիլյան» կլինիկան։

Գիտե՛ք, ավետարանականները մշտապես հատուկ կարևորություն են տվել կրթությանը, և շատ շուտով՝ 90-ականների վերջին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում բացվեց «Ավետիսյան» կրթարանը՝ սկզբում որպես մանկապարտեզ։

Ամեն տարի մեկական դասարան ավելացնելով, ներկայումս ունենք փառահեղ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոց և  համայնքային կենտրոն։

Մանկապարտեզներ ունենք և՛ Հայաստանում, և՛ Արցախում․․․

Արցախում ԱՀԱԸ գործունեությունը սկսվեց 1997-ին։

Մեր կրթական ծրագրերը ներառում են «Շող» կենտրոնները, որոնք ավելի ուշ սկսեցինք՝ 2010թ․ և որոնց ուղղվածությունը և՛ կրթական է, և՛ սոցիալական։

Այսպես, դրանց նպատակն է ամենայն կերպ աջակցել անապահով ընտանիքների երեխաներին, կամ նրանց, ովքեր ունեն լուրջ խնդիրներ ընտանիքի ներսում։ Ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ թիմը օգնում է երեխաներին հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները և սովորել շփվել այլ երեխաների հետ և զարգացնել առողջ հարաբերություններ նրանց հետ։

Այս կենտրոնները տարիների ընթացքում զարգացան և շարունակում են զարգանալ։ Այսօր մենք ունենք վեց կենտրոն Հայաստանով մեկ; վեցերորդը բացվեց սեպտեմբերին Ստեփանավանում։

Սրա հետ մեկտեղ մեր կրթական ծրագրերը ներառում են ուսման վարձի վճարումը համալսարականների համար, նաև՝ կրթադաստիարակչական կենտրոնները ութ-ինը քաղաքներում, որտեղ երեխաները ճաշելուց հետո անցնում են դասապատրաստման՝ փորձառու դաստիարակ-ուսուցիչների հսկողության ներքո։

Դեռ ութսունականների վերջին սկսած ճամբարային ծրագիրը շարունակվում և զարգանում է, ինչի վառ վկայությունն է Հանքավանում գործող «Շողիկ» ժամանակակից ճամբարը, նաև տարիներ առաջ բացեցինք ճամբար Արցախի Հանրապետությունում։

Ավա՛ղ, Շուշիի մեր ճամբարը հասկանալի պատճառներով կորցրինք, և ակտիվ աշխատանքներ ենք տանում այն վերականգնելու ուղղությամբ՝ կամ էլ Սյունիքի այլ վայրում։

Ունենք տարաբնույթ խմբակներ՝ արվեստի, նկարչության, սպորտի, լեզվի և այլն։

Վերջին երկու-երեք տարիներին ակտիվացրել ենք մեր գյուղական ծրագրերը, մանավանդ՝ վերջին պատերազմից հետո։ Շատ համայնքներ դարձան սահմանակից թշնամուն, մարդիկ իրենց շատ անապահով են զգում, ապրում են վախի մթնոլորթում, ուստի, նպատակ ունենալով ամրացնել այդ համայնքները, մտնում ենք գյուղեր, ճշտում կարիքները, և համապատասխան օգնություն ցուցաբերում մեր հայրենակիցներին։

Մի քանի օրինակ․տեղեկացանք, որ Քնածախ համայնքում կա ֆուտբոլի պատանեկական թիմ, սակայն երեխաները մարզազգեստ չունեն։ Մենք լուծեցինք այդ խնդիրը, ուրիշ նվերներ տվեցինք․․․Սիսիանի մոտ Նժդեհ գյուղ կա, ուր երեխաները զբաղմունք չունեին, խաղահրապարակ սարքեցինք․․․Հիմա մտածում ենք այն մասին, որ երիտասարդներին տարաբնույթ արհեստներ՝ ասե՛նք, վարսահարդարություն, մատնահարդարություն, այլք սովորելու հարցում աջակցենք։

Հետաքրքիր է նշել, որ գյուղացիները, գնահատելով մեր աջակցությունը, ասում են, որ մեր այցելությունները և մեզանով հետաքրքրված լինելը շատ ավելի արժեքավոր են իրենց համար։

Մանկական սնունդի մասին․1992-ին ԱՄՆ-ից մի խումբ մասնագետներ եղան Ջինմերի Բաբելյանի ղեկավարությամբ, ովքեր բացահայտեցին, որ կան ծնդկաններ, ովքեր կաթ չունեն, և երեխաներ, ովքեր չեն կարողանում մարսել մայրական կաթը։ Այն ժամանակներում Հայաստանում մանկական կեր չկար, կամ սարսափելի թանկ էր։ Եվ մենք սկսեցինք այն մատակարարել Հայաստան, և բաժանել այն կարիքավորներին, իհարկե՛, բժիշկի նշանակման առկայության դեպքում։ Եվ այդ  ծրագիրը շարունակվում է ցայսօր։

Ունենք միայնակ տարեցներին օգնելու ծրագիր – ապահովում ենք իրենց սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներով, միջոցառումներ կազմակերպում։

Մի երկու խոսք էլ մեր բժշկական ծրագրերի մասին ։

Տարիներ առաջ Սպիտակում Ֆրանսիայի հայ բժիշկների միության (UMAF) և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության (Espoir pour l’Armenie) աջակցությամբ հիմնեցինք մանկական կլինիկա և ատամնաբուժարան։

Ինչ վերաբերում է մեր մշակութային ծրագրերին, ապա ամեն Սուրբ Ծնունդին մեր բոլոր կենտրոններում  կազմակերպվում են թատերական ներկայացումներ, որոնցում ներկայացվում է Ծննդյան պատմությունը, խորհուրդը, դրանից բխող դասերը՝ հույսի և սիրո, տաս-տասերկու հազար մանուկների բաժանում ենք նվերներ, որոնք ուղարկվում են ԱՄՆ մեր գլխամասից․․․

Նմանատիպ միջոցառումներ ենք կազմակերպում Սուրբ Զատկին։

Այժմ թույլ տվեք մի փոքր ավելի հանգամանալից պատմել «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի մասին։

Այս հաստատությունում մենք թիրախավորում ենք անապահով խավի երեխաներին՝ առաջին հերթին, հետո՝ միջին խավի, որպեսզի այս երկու խմբերի երեխաները կարողանան լիարժեքորեն շփվել։ Սակայն սա միայն լավագույն մակարդակի կրթահամալիր չէ, այլ դաստիարակչական կենտրոն։ Դպրոցի շրջանավարտները կիրթ, նպատակասլաց և Հայրենիքին ծառայելու պատրաստ քաղաքացիներ են։ Հատուկ նշեմ, որ ուսուցումը մեր դպրոցում լիովին անվճար է։

Պատերազմը ցույց տվեց, թե որքա՛ն կարևոր են ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաները։

Եվ մենք շուտով պաշտոնապես հայտարարելու ենք «Ավետիսյան» դպրոցում այդ տեխնոլոգիաների խորացված ուսուցման մասին՝ ո՛չ միայն համակարգիչներ, դրոններ, այլ նաև դրանց կիրառում գյուղատնտեսությունում, վերականգնվող էներգիայի համակարգերում։

Մենք փայլուն երիտասարդություն ունենք, պարզապես իրենց պետք է հնարավորություն տալ իրենց տաղանդները դրսևորելու և զարգացնելու։

Կցանկանայի նաև մի քանի խոսք ասել մեր զարգացման ծրագրերի մասին։

Տարիների ընթացքում տարբեր ծրագրեր իրագործեցինք, մարդկանց աշխատանքի տեղավորեցինք։ Սակայն այս տարի շատ ուրախ ենք հայտարարելու, որ բոլորովին վերջերս մենք համագործակցության չորս տարվա համաձայնագիր ստորագրեցինք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ Դեբետ գյուղում և շրջակա մի քանի գյուղերում բարձրորակ՝ եվրոպական մակարդակի պանրի արտադրության վերաբերյալ։

Այդ գյուղերում արտադրվող կաթի որակը, որից արտադրվելու է պանիրը, համապատասխանորեն պետք է բարձրացվի։ Այս գործի մեջ ներառվելու են մեծ թվով գյուղացիներ։

Մի բանի մասին էլ կուզենայի խոսել։

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին  նախորդող տարում՝ 2014-ին ԱՀԱԸ նախաձեռնեց տասնմեկ կազմակերպություններից բաղկացած մի կոնսորցիումի ձևավորում, որի մեջ, մեզանից բացի, մտան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են COAF-ը, «World Vision» -ը, «Caritas», «Heifer», «Շեն» կազմակերպությունները, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Հայ օգնության ֆոնդը , «Դասավանդիր Հայաստան»-ը, «Diaconia»-ն,  ավելի ուշ՝ Բարեգործականը, այլք, որի նպատակն էր վերցնել ՀՀ մի սիմվոլիկ՝ Մարտունի համայնքը, որը ստեղծվեց 1921-ին՝ Ցեղասպանությունից մազապուրծ եղածներից, և որտեղ երեք տարում կառուցեցինք մանկապարտեզ, ջրագծեր, իրագործեցինք գյուղատնտեսական ծրագրեր, զարգացման, կրթական ծրագրեր, մի խոսքով, գյուղը ոտքի կանգնեցրինք, բավականին մեծ ներդրումներ կատարելով։ Այս ծրագրի իրագործումով պետք է ցույց տրվեր, որ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը պահվում է նաև գործնական քայլերով։

Այստեղ սիմվոլիզմը կայանում է նաև նրանում, որ համախմբելով ջանքերը, կարող ենք մեծ հաջողությունների հասնել։

Թույլ տվեք վերադառնալ մեր մշակութային ծրագրերին։

Մեր աշխատակից Անդրանիկ Մարդոյանի ղեկավարությամբ ձևավորվել է օպերային երգիչներից և դաշնակահարներից բաղկացած համույթ, որը շրջում է ՀՀ համայնքններում։

Համագործակցելով Հայաստանի և Երևանի գրողների միությունների հետ, գրական երեկոներ ենք կազմակերպում  ՀՀ տարբեր մարզերում։

Կատարում ենք հրատարակչական աշխատանքներ՝ օրացույցներ, ամսագրեր, գրքեր, մեր տարեգիրքը։

Չմոռանամ նշել, որ ունենք թատերական խումբ, որի ղեկավարն է բազմափորձ ռեժիսոր և բեմադրիչ Նունե Աբրահամյանը։ 

-Գիտենք, որ ԱՀԱԸ մշտապես մեծ ուշադրություն է դարձրել Արցախին․․․Ասացեք խնդրե՛մ, 44-ամյա պատերազմի օրերին և դրանից հետո ի՞նչ է արվել Արցախում և արցախցիների համար։

-Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը մոտավորապես 6.30-ին զանգ ստացա Արցախի մեր պատասխանատուՎիկտոր Կարապետյանից  պատերազմի սկզբի վերաբերյալ և անմիջապես կապվեցի ԱՄՆ՝ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ։

Մեկ-երկու օր իրավիճակը դիտարկելուց հետո, տեսանք, որ ժողովուրդը Հայաստան է գալիս։ Անմիջապես բացեցինք մեր կենտրոնները այնտեղ, որտեղ կարող էինք մարդ ընդունել, լինի դա Սիսիան, լինի Նիկոլ Դուման, լինի Հանքավանի մեր ճամբար, լինի Երևանի Բաղրամյան, 28 հասցեում գտնվող մեր կենտրոնական գրասենյակ՝  ընդհանուր առմամբ 250 հոգի։ Նրանց պահեցինք մինչև պատերազմի ավարտը, կամ մինչև մարդիկ կգտնեին պատսպարվելու այլ վայր։ 

ԱՄՆ-ի մեր գլխամասից ստացանք օգնություն՝ հագուստ, սննդամթերք, դեղորայք, տարբեր պարագաներ, և անմիջապես դրանք բաժանեցիք տարբեր վայրերում գտնվող արցախցի կարիքավորներին։ Նաև օգնեցիք գումարով, վճարեցինք երեխաների ուսման վարձը, հոգացինք իրենց բժշկական և այլ կարիքները։

«Ավետիսյան» դպրոցը ընդունեց արցախցի մանուկներին, նույնը կարելի է ասել «Շող» կենտրոնների մասին։

Վիկտոր Կարապետյանը պատերազմի ժամանակ մնաց Արցախում, և բաժանում էր մարդկանց սնունդ, հագույստ, այլ անհրաժեշտ բաներ նկուղներում պատսպարված մարդկանց, քաջալերում իրենց, Աստվածաշնչեր բաժանում, աղոթում։ Մի հուզիչ պատմություն պատմեց Վիկտորը։

Մի միայնակ տատիկ կար, որ անկողնային էր, և ուստի չէր կարող իջնել նկուղ։

Վիկտորը ամեն օր այցելում էր միայնակ այդ տատիկին, սնունդ բերում, զրուցում, քաջալերում նրան։

Շուշիի մեր կենտրոնում պահեցինք մոտ երեսուն տարեցների, ովքեր չէին ցանկանում լքել Արցախը, մինչև որ հոկտեմբերի վերջին մեզ ասեցին, որ լքենք Շուշին․․․

Դեկտեմբերի 1-ին մեր գրասենյակը լիաժեքորեն վերականգնեց իր բոլոր գործառույթները՝ վերաբացվեցին «Շող» կենտրոնները, մանկապարտեզները։

Կուզենայի հատուկ նշել երկու մարդկանց հերոսությունը․նախ՝ Վիկտոր Կարապետյանի, և  հետո՝ Լուսինե Օհանյանի, մեր առաջատաջ աշխատակցուհու, ով, չնայած իմ առարկություններին, մի քանի անգամ, «մինչև առաստաղը» լցնելով մեքենան սննդամթերքով, այլ՝  կենցաղային պարագաներով, գնաց և եկավ Արցախ։ Ասում էր՝ Աստված ինձ պահապան․․․Այդպես էլ եղավ․․․

Նաև ցանկանում եմ նշել Արցախի մեր աշխատակցուհի Գայանե Եղիազարյանի անունը, ով պատերազմի դժնդակ օրերին մնաց Շուշիի, և տարեցներին ճամբարում օգնում էր թե՛ նյութապես, թե՛ հոգեպես։ Նաև պետք է նշեմ այնտեղի մեր տնտեսվար Սարիկի անունը։

Զինադադարից հետո, նոյեմբերի 17-ին երկու մեքենաներով գնացինք Արցախ, և Ստեփանակերտի մեր գրասենյակը, որը բավականին վնասված էր ռմբակոծությունների հետևանքով, կարգի բերեցինք, և մեկ-երկու օրից այն վերսկսեց աշխատանքը։

Մարդկանց սնունդ, հագուստ, գումար բաժանեցինք, և որոշեցինք օգնել նրանց, ում տները մասամբ կամ լրջորեն վնասվել էին, լինի Ստեփանակերտ, Մարտունի և կամ Մարդակերտ՝ ընդհանուր առմամբ 17 տուն; շուտով կսկսենք մյուս տների վերանորոգումը; խոսքը լուրջ գումարների մասին է։

«Հզորացի'ր, Արցախ» ծրագրի շրջանակներում մենք երկամյա ծրագիր սկսեցինք, ըստ որի գումարներ սկսեցինք տրամադրել մոտ երեսուն ընտանիքի, որ սեփական բիզնես սկսեն, օրինակ՝ մեղվաբուծություն, կամ ուսման վարձը տան, մյուսները նոր մասնագիտություն ձեռք բերեն, կամ, ասենք, կահույք ձեռք բերեն․․․

Նաև «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ մասին աշակերտներին բաժանեցինք «տաբլետներ»՝ համակարգիչներ թե՛ երեխաներին Արցախում, և թե՛ Հայաստանում գտնվող արցախցի մանուկներին, որոնց մեջ կան թե՛ կրթական ծրագրեր, և թե՛ ծրագրեր հոգեբանական տրավմաների դեմ պայքահարելու համար։

Հազար երեխաների բաժանեցինք ձմեռային հագուստ՝ կոշիկից մինչև գլխարկ։

Հայաստանի աստվածաշնչյան ընկերության հետ բաժանեցինք մանկական Աստվածաշունչ, քանի որ հավատում ենք, որ Աստված տալիս է հույս և քաջալերանք։

 -Իսկ որո՞նք են մոտ ապագայի ձեր ծրագրերը։

-Ինչ վերաբերում ապագայի մեր ծրագրերին, ապա բավականին նախաձեռնություններ ունենք, ինչպիսին է, օրինակ, վերը նշված գյուղական համայնքներում տնտեսական զարգացման մեր համագործակցությունը COAF-ի հետ։

Պիտի խորացնենք նաև ծնողավարման, ինչպես նաև գիրք կարդալու ծրագրերը։

Իսկ «Ավետիսյան» դպրոցի լավագույն սաները, ովքեր հատուկ ձիրք ունեն տեխնոլոգիաների հարցում, պետք է խորացնեն իրենց գիտելիքները Հայաստանի համար ռազմավարական ոլորտներում ։

Մեր կարևորագույն նախագծերից է Ստեփանակերտում մանկապարտեզի կառուցումը 200 երեխայի համար; Արցախի կառավարությունը մեզ տվել է անշարժ գույք, որը հիմա վերանորոգում ենք: Մենք շատ ոգևորված ենք այս նախագծով։ Գալիք տասնամյակների ընթացքում այն կկրթի բազմաթիվ արցախցի մանուկների, ովքեր կվերակառուցեն այն Արցախը, որը մենք սիրել և վայելել ենք երեսուն տարի․․․

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել․․․

-Արցախյան վերջին պատերազմը և դրա հետևանքները չափազանց ծանր էին բոլոր հայերի համար․․․

Մենք գույք կորցրեցինք Շուշիում․․․մեր Պետրոսյան ճամբարը, մեր Բիլեզիկյան մանկապարտեզը և «Շող» կենտրոնը։

Որոշ մարդիկ ասում են, որ բոլոր ներդրված գումարները կորած են․․Ո՛չ, դրանք կորած չեն, որովհետև մենք ներդրում են կատարել մարդկանց մեջ։ Մենք օգնեցինք երեխաներին  ստանալ լավ կրթություն և մեծանալ, որ դառնան լավ քաղաքացիներ և լավ հայեր։ Մենք չենք ափսոսում Արցախում մեր ներդրումների համար։

Ինչպես վերը նշեցի արդեն, մենք շարունակելու ենք ներդրումներ անել Արցախում, որովհետև Արցախը հայկական է և մնալու է հայկական։

Մենք ներդրում ենք անում հայ մանուկների և հայ ժողովրդի մեջ։

Գուրգեն Խաժակյան

 


© 2009 ARMENPRESS.am