Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք

16:02, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև՝ տեղահանված բնակիչներին բնակարաններով  ապահովելու  հարցը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ  առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:

Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:


© 2009 ARMENPRESS.am