Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը

10:46, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Վարչապետը անվտանգության համակարգի զարգացման  իմաստով կարևորեց  ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման  դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը:  «Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում  թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ դա լրացուցիչ խթան կարող է դառնալ  ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ:

 

 


© 2009 ARMENPRESS.am