Ասֆալտապատվել է Ծովակ գյուղ մտնող ավտոճանապարհը

18:40, 26 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում ավարտին են մոտենում 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք կատարվել  են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ծովակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 66 միլիոն 180 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հուլիսի 29-ից եւ այժմ գտնվում են ավարտական փուլում։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ շինարարները։ Ճանապարհն ասֆալտապատվել է 906 գծամետր երկարությամբ եւ 4530 քառակուսի մետր մակերեսով։

«Մարտունի-Վարդենիս մայրուղուց Ծովակ մտնող ճանապարհը, որը համարվում է Ծովակի առաջին փողոցը,  տասնամյակներ շարունակ հիմնանորոգման չէր ենթարկվել։ Ամբողջությամբ հեռացվել է ասֆալտբետոնյա քայքայված շերտը, կատարվել է խճապատում եւ ասֆալբետոնյա նոր միաշերտ ծածկի տեղադրում։  Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-ՄաքենիսԱխպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են»,-ներկայացրեց համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 


© 2009 ARMENPRESS.am