Ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով. ՔՊ-ն դա համարում է միջամտություն դատական իշխանությանը

15:43, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ իրավունքի ուժով ստեղծվել է Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, իշխանական պատգամավորը դա համարում է միջամտություն դատական իշխանության ոլորտին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն  2 օր է, ինչ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողովը:«Քննիչ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա, առաջինը վերաբերվում է դատարաններում օրենք սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Ավելի պարզ՝ խոսքը վերաբերում է համակարգչային ծրագրին, որը խափանվել է: Այս հանգամանքը կարգավորված է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածում»,-ասաց Վարդևանյանը:

Նա նշեց՝ ըստ Դատական օրենսգրքի՝ եթե համակարգչային ծրագրի հետ ինչ-որ բան լինում է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կատարման համար պարտադիր ենթակա ցուցումներ է տալիս դատական դեպարտամենտին: «Հիմա դատական դեպարտամենտը դասական իմաստով պետական մարմին է: Պետական մարմնի նկատմամբ վերահսկողություն, իհարկե, կարող է իրականացնել ԱԺ-ն»,-նշեց Վարդևանյանը:

Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման հաջորդ առարկան վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից 2020-ի նոյեմբերի 1-ից հարուցված կարգապահական վարույթներին, և առհասարակ այդ վարույթների հարուցման տրամաբանությանը: «Մեր հայրենակիցներին շատ-շատերը կյանքի բերումով ունեցել են վարույթ, ենթադրենք, դատավոր Արման Հովհաննիսյանի մոտ, Ալեքսանդր Ազարյանի մոտ: Բայց այնպես է ստացվել, որ հենց այդ դատավորների նկատմամբ են  կարգապահական վարույթներ հարուցվում: Դատավորներից օրինակ Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի նկատմամբ, Մհեր Արղամանյանի նկատմամբ չի հարուցվում: Հիմա ուզում ենք այս հանձնաժողովի աշխատանքների ընթացքում հասկանանք, թե  այդ դատավորներն այդպես փայլո՞ւմ են, որ իրենց  կատարմամբ ոչ մի վարույթ չի հարուցվում, բայց այն դատավորներին նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից տարիներ շարունակ գնահատվում են որպես լավագույն դատավորներ, հարուցվում է: Ո՞րն է այդ բանաձևը, չափորոշիչը»,-ասաց Վարդևանյանը:

Առաջարկվում է քննիչ հանձնաժողովն ունենա 10 անդամ:

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝  այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: Վարդանյանը նշեց, որ չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով՝ այն պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար պետք է լինի երկու փոխկապակցված պայման: « Առաջինը՝ հարցը պետք է վերաբերվի ԱԺ լիազորություններին: Իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ: Երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն: Այն, որ հարցն ունի հանրային հետաքրքրություն, չեմ կարող ժխտել, բայց այն, որ սա ԱԺ-ի իրավասության ոլորտից դուրս է և ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին, ակնհայտ է»,-ասաց պատգամավորը:

 

 


© 2009 ARMENPRESS.am