Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

13:44, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդում է ստացել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից, նշելով, որ հիշյալ հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- զգուշացվում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մեկտեղ հիշեցնելով, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Նախկինում էլ հաղորդվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձել են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am