Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար

13:10, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց  հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ:

«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։

 

 


© 2009 ARMENPRESS.am