Արտակ Դավթյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի ռազմական կցորդը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

17:47, 12 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը:

 

 


© 2009 ARMENPRESS.am