Դեպի թվային տնտեսություն․ Կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը

18:59, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ Երևանում կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը: Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության  թվայնացման հեռանկարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, երկու տարի առաջ Ակբա բանկը սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ ծրագիր, իսկ արդեն այս տարի հայտարարեց, որ դիրքավորվում է նաև որպես տեխնոլոգիական ընկերություն։ Գագաթնաժողովին բանկը կիսվելու է իր փորձով և թվային տնտեսություն կառուցելու իր բանաձևով։

«Խոսելով թվային տնտեսության մասին, չի կարելի չխոսել ժամանակակից ֆինտեքների կամ բանկերի թվային ծառայությունների ու թվային պրոդուկտների մասին։ Հասկանալի է, որ այստեղ ընտրություն չկա. բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների համար թվային տրանսֆորմացիան անհրաժեշտություն է: Եթե ընկերությունները ցանկանում են շարունակել իրենց բիզնեսը, պետք է գնան այդ ուղղությամբ։ Կան չբացահայտված հնարավորություններ, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի լրացնենք դրանք։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և վստահ ենք, որ մեր գործընկերների հետ միասին կարողանալու ենք հանրապետությունում նոր տեխնոլոգիաներ բերել ու տարածել դրանք հանրապետությունից դուրս։ Գլոբալացումը թույլ է տալիս ընդլայնել մեր շուկաները և վստահ եմ, որ մեր լուծումներով կարող ենք հանդես գալ որպես արտահանողներ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր  գործադիր տնօրեն  Հակոբ Անդրեասյանը։

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի  Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող  հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ «Սիլիկոնյան հովիտ» էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 


© 2009 ARMENPRESS.am