Հովիկ Չարխչյանն ընթերցողներին կներկայացնի «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» գիրքը

13:47, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Հովիկ Չարխչյանը նոյեմբերի 19-ին «Դարան» գրախանութում ընթերցողների դատին կհանձնի «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:

Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել մեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծումների միջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն, իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ, հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:

«Այս փաստագրական վեպը պատմություն է ոչ միայն հանճարեղ բանաստեղծի գայթակղությունների և դրանց դժվարին հանգուցալուծումների մասին, այլև գեղեցիկ ու ողբերգական սիրո վավերագրումն է, որ շաղախված է  որոնումներով, ընդվզումներով, բախումներով, երկմտանքներով, նահանջով և, իհարկե, բանաստեղծությամբ:- Նշում է Հովիկ Չարխչյանը:- Ամեն բան հոսում ու անցնում է, մնում են միայն սերն ու պոեզիան: Այս գիրքը նաև ժամանակային զուգահեռների վրա հարյուրամյա վաղեմության իրադարձությունները նոր հայացքով դիտարկելու, դրանք արժևորելու հնարավորություն է, և ընթերցողը վեպի էջերում կգտնի բազում ընդհանրություններ մեր օրերի իր անհանգստությունների ու մտատանջությունների հետ: Չարենցին վերստին բացահայտելու, Արմենուհի Տիգրանյան բանաստեղծուհուն և հրապուրիչ կնոջը ճանաչելու համար կրակի հետ խաղն անխուսափելի է: Բայց այս անգամ նրանց կրակները ոչ թե այրելու են, այլ միայն ջերմություն են տալու»։


© 2009 ARMENPRESS.am