ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ նոյեմբերի 2-ի արձանագրությունը

19:11, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ ԿԲ խորհրդի նոյեմբերի 2-ի նիստի՝ ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ արձանագրությունը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25%, կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը՝ 8.75%, և կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների  ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 5.75%:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, ՀՀ ԿԲ խորհրդի նիստը սկսվել է նոյեմբերի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները:

«Արձանագրվեց, որ 2021թ. սեպտեմբերին գրանցվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8.9%: Ամսվա գնանկումը հիմնականում պայմանավորվել է «Սննդամթերք, խմիչք և ծխախոտ» ապրանքախմբի գների 0.54% նվազմամբ, որի կառուցվածքում զգալի անկում է դիտվել միրգ և բանջարեղեն ենթախմբի գների մասով՝ ընդհանուր հաշվով 5.2%: Սեպտեմբերին ոչ պարենային  ապրանքների  գներն  աճել  են  0.71%-ով,  իսկ  ծառայությունների գները նվազել են 0.05%-ով: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ցուցաբերել կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0%-ի շրջակայքում։

Ներկայացվեցին արտաքին հատվածի ընթացիկ զարգացումները, որոնց համաձայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում  է տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի վերականգնումը: Դա տեղի է ունենում կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածման պայմաններում, ինչի բացասական ազդեցությունը տնտեսության վրա, պատվաստանյութերի ակտիվ կիրառման ֆոնին, հիմնականում չեզոքացվում է խիստ սահմանափակումներից  հնարավորինս  խուսափելու արդյունքում: Միաժամանակ փաստվեց, որ համաշխարհային պահանջարկի արագ տեմպերով վերականգնմանը զուգահեռ մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ ապրանքահումքային միջազգային  շուկաներում  դիտվում  է  գնաճային  միջավայրի  զգալի ընդլայնում: Մասնավորապես,  նավթի  միջազգային  շուկայում  և  պարենային  ապրանքների առանձին խմբերում սահմանափակ առաջարկի վերաբերյալ ձևավորված  սպասումները  նպաստում են այդ ապրանքների գների բարձր մակարդակների պահպանմանն ու որոշակի  գնաճային միտումների ձևավորմանը: Նման իրավիճակում ՀՀ գործընկեր երկրներում դիտարկվում են կանխատեսումների համեմատ ավելի բարձր գնաճային զարգացումներ, իսկ ԿԲ-ները, գների կայունության ապահովման նպատակով, արդեն նախանշում կամ իրականացնում  են դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԲ խորհուրդը քննարկել է ՀՀ տնտեսության զարգացումները  և արձանագրել, որ ընթացիկ միտումները նախանշում են կանխատեսումների համեմատ ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ: Բացի դրանից, ըստ ԿԲ գնահատման, համավարակի ներկայիս ընթացքը՝ պատվաստումների դանդաղ տեմպերի պայմաններում, տարեվերջին որոշակի զսպող ազդեցություն կունենա ծառայությունների ճյուղի և մասնավոր սպառման վրա: Այդուհանդերձ, ներքին պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են՝ հիմնականում պայմանավորված մասնավոր խնայողությունների նվազման և արտասահմանից դրամական փոխանցումների աճի արդյունքում մասնավոր սպառման գրանցած բարձր աճով: Միևնույն ժամանակ, ըստ ընթացիկ գնահատման, 2021թ-ին հարկաբյուջետային ազդակը, սպասումներին  համահունչ,  կունենա  որոշակի  զսպող  ազդեցություն:  Սակայն տարեվերջին նախատեսվում է նախորդ ժամանակահատվածում տնտեսված որոշ ծախսերի իրականացում, որի արդյունքում զսպվող ազդեցությունը որոշակի կմեղմվի: Ներկայացվել է նաև, որ «ՀՀ 2022թ-ի պետբյուջեի մասին» օրենքով նախատեսված են մեծածավալ կապիտալ ծախսեր, որի ամբողջական կատարման պարագայում 2022թ-ի հարկաբյուջետային ազդակը՝ ԿԲ նախորդ գնահատականի նկատմամբ կլինի ավելի  քիչ  զսպող:  Նշվել է,  որ,  չնայած  մասնավոր  սպառման աճին, ներմուծման աճի տեմպերը մնում են զսպված, և արտահանման առաջանցիկ աճն ու արտերկրից ստացված դրամական փոխանցումների մեծ ծավալները շարունակում են նպաստել ընթացիկ հաշվի բարելավմանը։

«Խորհուրդը քննարկեց ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրեց, որ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքները ձևավորվել են ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի շուրջ։ Նշվեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխություններն  իրենց ազդեցություն  են  փոխանցել  ֆինանսական  շուկայի  մյուս հատվածներին, մասնավորապես՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը  և վարկավորման ու ավանդների տոկոսադրույքներին:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված գնաճային զարգացումներին և գնաճային սպասումներին: Արձանագրվեց, որ վերջին ամիսներին գնաճային միջավայրի ձևավորմանը էապես նպաստում է սեզոնային պարենային ապրանքների գների՝  նախորդ  տարիների  համեմատ  ավելի փոքր նվազումը, որի ազդեցությունը գնաճի վրա առաջիկայում կչեզոքանա: Միևնույն ժամանակ, գնաճային միջավայրին դեռևս շարունակում է նպաստել արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման առաջանցիկ աճը: Նշվեց նաև, որ,  համաձայն  ԿԲ կողմից իրականացված հարցման արդյունքների, գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունների գործոնը որոշակիորեն նվազել է՝ ցածր գնաճ սպասողների կշռի ավելացման հաշվին, ինչը փաստում է այն մասին, որ հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ»,- հայտնում են ՀՀ ԿԲ-ից ու հավելում, որ իրավիճակային հաշվետվության և արտաքին  ու  ներքին  մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո ԿԲ Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության  ուղղությունների  քննարկմանն ու  քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: «Հաշվի առնելով մի կողմից արտաքին և ՀՀ տնտեսություններում դեռևս պահպանվող գնաճային ազդեցությունները, իսկ մյուս կողմից վերջին շրջանում դրամավարկային պայմանների համեմատաբար մեծ  քայլով  խստացումների  ընթացիկ  և  սպասվող ազդեցությունները՝ Կանխատեսող թիմը Խորհրդի քննարկմանն էր ներկայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Վերջինս ԿԲ խորհուրդի կողմից ընդունվեց միաձայն, և որոշվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ։ Դրանով Խորհուրդը վերահաստատեց նախորդ տարեվերջից իրականացվող ապագային միտված և հետևողական քաղաքականության բավարար արդյունավետությունը՝ առաջանցիկ պահանջարկի  կարգավորման,  գնաճի  զսպման  և  միջնաժամկետում  գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Նման պայմաններում կանխատեսվում էր, որ չնայած մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը  կպահպանվի  բարձր  մակարդակում,  2022թ-ին  կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ»- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԲ խորհուրդը գնահատել է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Այդպիսով, ԿԲ խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը։


© 2009 ARMENPRESS.am