Ետին նայելով՝ առջեւդ տեսնիլ…

09:15, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարոնյանը ճանչցած է իր ժամանակի մարդիկը եւ շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, եւ գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը…»:

Հրանդ Ասատուր, գրաքննադատ

 

Որքա՛ն բնորոշ է նաեւ Հակոբ Պարոնյան հանճարեղ երգիծաբանի գրական ժառանգությանը աշխարհահռչակ Մարկ Տվենի խոսքը իր վիպակներից մեկում. «Իրենց ողջ աղքատությամբ հանդերձ՝ մարդիկ տիրում են մեկ անվիճելիորեն հզոր զենքի. դա ծիծաղն է: Ուժը, փաստարկները, փողը, համառությունը, աղերսանքները՝ այդ բոլորը կարող են անօգուտ լինել ձեզ կառավարող վիթխարի կեղծիքի դեմ կռվելիս: Հարյուրամյակներ շարունակ ձեզ գուցե հաջողվի փոքր-ինչ երերել այն, փոքր-ինչ թուլացնել, բայց խարխլել մինչեւ արմատները, փոշիացնել այն դուք կարող եք ծիծաղի օգնությամբ: Ծիծաղին ոչինչ չի դիմանա»:

Ճիշտ այդպիսին է հայ երգիծական գրականության ազգային դպրոցի հիմնադրի ստեղծագործական գրեթե ողջ ժառանգությունը, որը սկսվել է թատերագրությամբ: Նրա առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» կատակերգությունն էր, որին հաջորդելու էր «Ատամնաբույժն արեւելյանը»: Իսկ մինչ այս գործերը լույս աշխարհ կգային, Պարոնյանն աշխատելու էր ամենատարբեր հիմնարկներում, սակայն գրական մղումները նրան հասցնելու էին Կոստանդնուպոլիս, թղթակցելու էր Հարություն Սվաճյանի «Մեղու» հանդեսին, դասավանդելու Մեզբուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:

1871-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ էր տպագրել Սվաճյանի հանդեսի էջերում, որի խնբագրապետն էր դառնալու կարճ ժամանակ անց: Խմբագրելու էր նաեւ «Թատրոն» եւ «Խիկար» հանդեսները, աշխատակցելու «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888-ից դասավանդելու Կեդրոնական վարժարանում:

Հ. Պարոնյանի ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: Նրա «Կսմիթներ», «Հոսոսի ձեռատետրը» շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որոնցում արտացոլված են ժամանակի ազգային եւ համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները: Իսկ «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» շարքում (34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի) երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է համայնքների քաղքենիական սովորությունները, մերժելի հակումները, օտարացումը սեփական ժողովրդից:

Կենցաղային սյուժեների մի շարք է 19 նովել ամփոփող «Քաղաքավարության վնասները»: Արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում տխուր ու տագնապալի իրողություններ, երբ հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ եւ բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով:

Հ. Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է, որի մասին հեղինակը գրում է, թե իր նպատակը ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երեւելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հոգեբանության սահմանեն»:

Հայ դրամատուրգիայի փառավոր գործերից է երգիծաբանի «Պաղտասար աղբարը», իսկ «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը մեր գեղարվեստական արձակի դասական արարումներից է: Վեպի առերեւույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով իրականության համապատկերը, այն է՝ հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:

Տասնամյակներ շարունակ հանճարեղ երգիծաբանի ստեղծագործություններից շատերը հայկական բեմերի զարդն են եղել, վերածվել անձանձրույթ դիտվող ֆիլմերի: Դրանք մեր ապրած ժամանակներում էլ են շարունակում մնալ արդիական, քանզի, ինչպես երգիծաբանն է իմաստախոսում՝ «Ճշմարտություն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար…»: Հավերժական ճշմարտություն: Նաեւ այս մեկը՝ «Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջեւդ տեսնիլ…»: 

Ականջին օղ անելու Մեծի հորդոր ու խորհուրդ, որին կարծես տեւականորեն անունակ եղանք: Գուցե գալիք սերունդներն ականջալուր լինեն եւ ունակ պատմությանը նայելով՝ տեսնեն ու կանխազգան գալիքը: Հուսանք, որ այդպես կլինի, քանզի մեծերի դասերը բոլոր ժամանակների համար են: Այս պարագայում՝ հանճարեղ երգիծաբանի…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am